Հուլիսի 19-ին Արցախի ներդրումային հիմնադրամում կայացավ հանդիպում Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակության և Արցախի ներդրումային հիմնադրամի աշխատողների միջև:ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը ողջունել է ՀԶՀ պատվիրակության անդամներին` գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, կարևորելով երկու հիմնադրամների համագործակցությունը, որը կնպաստի արցախյան ընկերությունների արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը և կընդլայնի առկա ներուժի արդյունավետ իրացման հնարավորությունները:Հանդիպման ընթացքում բարձրացվեց արցախյան որոշ ընկերությունների միասնական բրենդի տակ ներկայացման հարցը` դրանով իսկ ապահովելով արտահանման համար անհրաժեշտ մեծ ծավալները: Հանդիպման վերջում երկու հիմնադրամների միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Այնուհետև ԱՆՀ ներկայացուցիչների ուցեկցությամբ ՀԶՀ պատվիրակությունը այցելեց ՙՄետաքսկոմբինատ ՚ , ՙՏրիումֆ Գրուպ՚ և ՙԱրցախբրենդի կոմպանի՚ ընկերություններ, տեղում ծանոթացան բացառապես բնական հումքից թողարկվող արտադրանքի արտադրական գործընթացի հետ:
Ըստ պայմանավորվածության կայացավ հանդիպում նաև արցախյան բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ: Երկու հիմնադրամների ներկայացուցիչները պատասխանեցին գործարարների հուզող հարցերին և հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցել արտահանման հետ կապված առկա դժվարությունների հաղթահարման և բիզնեսի զարգացմանը խոչընդոտող այլ հիմնախնդիրների լուծման հարցերում: