Սույն թվականի փետրվարի 2-ին Երևան քաղաքի «Փրայմ հոլլ» սրահում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի 2018 թ-ին նախաձեռնած «Երկիր կառուցողները» խորագրով հեռուստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմն ուղղված է Հայաստանի և Արցախի տնտեսությունների միասնական ռազմավարության անքակտելի միասնությանը: Այն հանդիսանում է Հայաստանի և Արցախի հասարակության՝ տնտեսության զարգացման նկատմամբ դրական վերաբերմունքի և միասնականության արտահայտությունը: Ֆիլմը պատմում է Հայաստանի և Արցախի առաջատար ընկերությունների մասին՝ նշելով ու ընդգծելով նրանց առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները:
Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ ֆիլմի նկարահանումներին մասնակցեցին չորս արցախյան ընկերություն՝ «Ռեյփսիդ», «Հայկշին» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արցախ ֆրութ», «Արցախ բրենդի կոմպանի» փակ բաժնետիրական ընկերությունները:
Ֆիլմի ավարտից հետո մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր:
Արցախի ներդրումային հիմնադրամը Արցախի տնտեսության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ճանաչվել է լավագույնը և արժանացել «Տարվա հիմնադրամ» անվանակոչմանը: