2019թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Multi Rest House» հյուրանոցային համալիրում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան – համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը:
Բիզնես Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:
Միջոցառման շրջանակներում անցկացվեց պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես եկան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կազմակերպվեց կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:
Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ համաժողովին մասնակցեցին Արցախի ներդրումային հիմնադրամի, Արցախի Հանրապետության պետական մարմինների, «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և թվով 12 արցախյան ընկերություն:
Արցախի պատվիրակությունը մասնակցեց համաժողովի ծրագրով նախատեսված բիզնես-հանդիպումներին, քննարկումներին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսությանը՝ որը հնարավորություն կտա բիզնես գործունեության շրջանակների ընդլայնմանը և նոր կապերի բացահայտմանն ու հաստատմանը: