2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրից օգտվելու դիմումների մինչ այսօր ընդունված ընդհանուր թիվը գերազանցում է 46 000-ը:
«Գործընթացը մեկնարկել է սույն թվականի մայիսի 1-ից: Դիմումների առցանց ընդունման վերջնակաժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը: Մինչ օրս քաղաքացիները ներկայացրել են 46000 –ից ավելի դիմում, որից մոտ 7000-ը եղել է սխալ լրացված, 1400 դիմում էլ մերժվել է դիմումատուի կամ ամուսնու՝ զորահավաքային զորակոչով չներկայանալու հիմքով, իսկ 1 դիմում մերժվել է դիմումատիուի դիմումի համաձայն»,- նշել է Մ. Մխիթարյանը, և ընդգծել, որ յուրաքանչյուր շահառու պետք է լրացնի միայն մեկ դիմում՝ անկախ վարկերի կամ փոխառությունների քանակից:
Ծրագրով շահառու ճանաչվելու համար անհրաժեշտ է լրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց շահառու ճանաչվելու համար դիմումի էլեկտրոնային ձևաթղթերը, որոնք տեղադրված են Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:
Ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման գործընթացը սկսվել է հուլիսի 14-ից, և ընթացքավորվել է 1869 դիմում:
«Ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան երաշխավորագրեր՝ գումարների գանձման համար: Ընդհանուր 1869 դիմում ընթացքավորվել է 4228 վարկային պայմանագրերի մասով»,- հավելել է Մ.Մխիթարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օգոստոսի 1-ից փակվելու է միայն դիմումների օնլայն հարթակը, և ցանկացած քաղաքացի, ով չի հասցրել դիմում ներկայացնել, կարող է անձամբ գրավոր դիմում ներկայացնել Ներդրումային հիմնադրամ: Ըստ ստացված տեղեկատվության՝ աջակցությունը իրականացվում է երկու փուլով: